2023-12-14

Ս. թ. դեկտեմբերի 12-ին և 13-ին Սարդարապատում տեղի ունեցավ «ԷԹՆՈՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը:

Գիտաժողովը կոչված էր քննարկել հայկական սփյուռքում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց ուսումնասիրության մեթոդաբանական ու տեսական խնդիրները, հայկական սփյուռքի տարբեր համայնքներում իրականացրած հետազոտությունների հիման վրա ցույց տալ այդ փոփոխությունների շարժընթացն ու բովանդակությունը:

Երկօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես եկան Հայաստանից և տարբեր երկրներից մասնակիցներ, այդ թվում՝ Լիբանանից (Բեյրութ), Չեխիայից (Պրահա), Ռուսաստանից(Մոսկվա), ԱՄՆ-ից (Միչիգան), Լիտվայից (Վիլնյուս), Նիդերլանդներից (Ամստերդամ), Ուկրաինայից (Կիև), Հունգարիայից (Բուդապեշտ):  

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Կարապետյանը, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ, Կարեն Փահլևանյանը և ՀԱԹ գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանը:

Գիտաժողովը ներառում էր չորս նիստ՝«Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների տարբեր կողմերը», «Հայկական սփյուռք. իրավիճակ և զարգացումներ», «Սփյուռքի ուսումնասիրության տեսական-մեթոդաբանական մոտեցումներ», և  «Սփյուռքներ և սոցիալ-մշակութային գործընթացներ.տարածաշրջանային փոփոխություններ» խորագրերով:

 Յուրաքանչյուր նիստի շրջանակներում ներկայացվող թեմաների շուրջ ծավալվեցին արդյունավետ քննարկումներ:

Ուշագրավ թեմաներով ելույթներ ունեցան Բեյրութի Հայկազեան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրանիկ Տագէսեանը՝«Վերլուծական հայեցակարգ հայօճախներու փոխակերպումներու», ԱՄՆ-ի Միչիգան-Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար   Արա Սանճեանը՝ «Հայ ընտրողների նախընտրությունները և հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի՝ 2018 և 2022 թվականների խորհրդարանական ընտրություններում», Լոս Անջելեսի համալսարանի Ֆոուլերի թանգարանի համակարգող և գիտաշխատող Կասսիա Արմենեան՝ «Թող լույսն առաջնորդի ձեզ.Հայաստանի և սփյուռքի տեսիլը», Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի պ.գ. թ., դոցենտ Ստեփան Զախարկևիչը՝ «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների հիշողության մշակույթը և պատմական քաղաքականության ազդեցությունը դրա վրա վրա ժանանակակից փուլում»  խորագրերով և մի շարք այլ հայտնի հետազոտողներ:

Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի «ֆրանսիայի հայկական համայնքներն այսօր. հայացք ներսից», հետազոտությունների նյութերի ժողովածուի, բաժնի աշխատակիցներ Լուսինե Տանաջյանի «էթնոսոցիալական  փոփոխությունները հայկական սփյուռքում» և Սոնա Ներսիսյանի «Ցանցային հարաբերությունները հայկական սփյուռքում» մենագրությունների շնորհանդեսը:

 

ImageImage

 

 

 

Image
Image

 
Armenian