2024-04-10

«Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ հույս» գրքի շնորհանդես-քննարկումը ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում

Սույն թվականի ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի նախաձեռնությամբ նույն ինստիտուտում տեղի ունեցավ սփյուռքահայ գործիչ, մտավորական, Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր Ջեբեջյանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք և հույս» գրքի շնորհանդես-քննարկումը: 

Գիրքը դոկտոր Ջեբեջյանի երրորդ հայերեն ժողովածուն է, որտեղ տեղ են գտել հեղինակի 2018-2022 թթ.  հոդվածները, որոնք հրատարակվել են սփյուռքյան և  հայաստանյան մամուլի էջերում։ Հոդվածները ներառում են հանդիպումներ հայկական իրականութիւնների հետ, որտեղ վեր են խոյանում ազգային, մշակութային, սոցիալական և տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները: Հեղինակը տարբեր պատմվածքների միջոցով խոսում է հայ ինքնության, դրա պահպանման ու վերակառուցման ներկայիս  հրամայականների և հեռանկարների մասին:

Շնորհանդեսին բացումն ազդարարեց Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Կարապետյանը: Ռ. Կարապետյանը խոսեց գրքի կարևորության մասին, համարելով այն յուրատեսակ մտորում հայության տարբեր հատվածների ապագայի վերաբերյալ, որոնք ուղեկցվում են միավորող կոչերով ու պատգամներով՝ ուղղված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, Սփյուռքում մշակույթի պահպանմանը, ինչպես նաև արժեհամակարգի ու գործելակերպի վերակազմակերպմանը:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Տանաջյանը: Վերջինս իր խոսքում նշեց,  որ Բաժնի կարևորագույն նպատակներից է Սփյուռքի կարևոր դերակատարների, գիտնականների և հետազոտողների ներգրավումը հայաստանյան գիտական միջավայր: Այս առումով  դոկտոր Հրայր Ջեբեջյանն ու գրքի խմբագիր, հետազոտող դոկտոր Արտա Ջեբեջյանը կարողացել են դառնալ այն կամուրջը, որի միջոցով հայաստանյան գիտական միջավայրը հարստանում է  սփյուռքյան իրողությունների մասին քննարկումներով: Տանաջյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ գիրքը հայկական ինքնության, հայ սփյուռքի մասին չմիջնորդավորված նյութերի արտահայտումն է անհատական կենսափորձերի միջոցով  և  նոր խոսք է գրական, բանասիրական և գիտական ասպարեզում: Անդրադառնալով գրքի բովանդակությանը՝ Տանաջյանը նշեց, որ այն իր տեսակով յուրահատուկ արխիվային նյութ է հայության կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Աշխատությունը հատկապես հետաքրքիր կլինի հայկական սփյուռքի հետազոտողների, սփյուռքի կյանքով հերաքրքրվողների համար նաև այն առումով, որ ամեն պատմվածք յուրահատուկ նյութ է տալիս տվյալ միջավայրում հայերի կենսակերպի , նրանց ձևավորման պատմության և այլ հարցերի շուրջ: Բանախոսը շնորհակալություն հայտնեց՝ հետագայում նոր համագործակցությունների ակնկալիքով: 

Ելույթ ունեցավ նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը, ով նշեց, որ դոկտոր Հ. Ջեբեջյանի հրապարակումներում տեսնում է ոչ միայն սփյուռքի, այլև Արցախի գաղթի ճանապարհը: Նա կարևորեց այն, որ հեղինակի հոդվածներով հայրենաճանաչության, հայրենիքը սիրելու արժեքները ավելի բյուրեղյա ձևով են արտահայտվում և հեղինակի հրապարակումներում առկա հայրենիքը սիրելու ուղերձը  պետք է դառնա բոլոր հայերի համար ճանապարհ:

Հայկազյան հայագիտական հանդեսի տնտեսագիտական բաժնի հետազոտող տնտեսագետ Վիլեն Մնացականյանը նշեց, որ դոկտոր Ջեբեջյանի գործունեության շնորհիվ հնարավորություն է ընձեռվում  հասկանալու հայկական սփյուռքն ու հասարակ մարդուն, ով ապրում է այնտեղ: Բանախոսը գրքի կարևորությունը հատկապես նշեց սփյուռքի նկատմամբ քաղաքականության մշակման տեսանկյունից. «…պարոն Ջեբեջյանի գրքերի, հետազոտությունների, հոդվածների միջոցով մենք կարողանում ենք առավել լավ պատկերացնել հայկական ապագան և ես հուսով եմ, որ նմանատիպ աշխատություններ էլ ավելի շատ կլինեն, և ավելի մեծ ընդգրկում կունենան»:

 Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը, շնորհակալություն հայտնելով պարոն և տիկին Ջեբեջյաններին, նշեց. «…գիրքը հրաշալի է վերնագրված «…..տեսիլք, կամք եւ հույս», այս երեք բառով կարելի է արդեն հասկանալ, թե մեր ազգային կյանքում ինչ է կատարվում: Մենք այնքան տեսիլքներ ունենք, որոնք երբեմն անիրական են: Կամքը և հույսը, որ դեռևս կան, ամենակարևորն է: Մենք նման գրքերի կարիք շատ ունենք, և ոչ միայն Սփյուռքում: Այս գիրքը հարգանք, սեր և հիշողություն է հայի նկատմամբ»: Հոբոսյանը շեշտադրեց ու կարևորեց այն փաստը, որ գիրքը գրվել է Հայաստանից դուրս, մեզ ուսուցանելու համար, որ մենք պետք է պահպանենք մեր մշակույթը և մեր հիշողությունը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի գիտաշխատող Ա. Յու. Սարգսյանը դոկտոր Ջեբեջյանի գործունեության մասին խոսելիս նշեց, որ նրա բոլոր հոդվածներն ու գրքերը՝ լինեն գիտական, թե հրապարակախոսական, բազմաթիվ են և ուղղված են ազգապահպանությանն ու հայ մշակույթի պահպանմանը: Նա ազգապահպան գաղափարներ տարածող գիտնական է և հայ ազգային գաղափարախոսության դեսպաններից մեկն է սփյուռքում:  Սարգսյանի խոսքով. «այսօր վտանգված է հայրենիք-սփյուռք կապը՝ այդ թվում նաև գիտական, մշակութային կապերը, վտանգված են նաև սփյուռքում գիտական օջախների գոյությունը, և  այդ օջախները ներկայումս մեծ կարիք ունենք հայրենիքի օժանդակության: Եվ այդ կապի ամրապնդման գործում պարոն Ջեբեջյանի ներդրումը շատ մեծ է»: Բանախոսը հատկապես կարևորեց հեղինակի կողմից հրապարակախոսի, գիտնականի, լեզվաբանի, ագագրագետի բոլոր հատկանիշների հրաշալի համադրումը աշխատության մեջ:

Այնուհետև ելույթ ունեցավ գրքի խմբագիր դոկտոր Արտա Ջեբեջյանը: Նա  հանգամանորեն ներկայացրեց  գրքի տպագրաման ընթացքը և նախապատմությունը: «Տարբեր երկրներ կատարած այցերը, աշխարհագրորորեն լայն տարածաշրջաններում լինելը և բազմաթիվ հարցազրույցներն ու պատմությունները մղեցին ստեղծել այս աշխատությունը:  Հրայր Ջեբեջյանը իր տարբեր տարիների այցելությունների ընթացքում  փորձել է տեսնել մարդու մտորումները, հույզերը տարբեր գաղթօջախներում, ցանկացել է հասկանալ նրանց ապրած կյանքը, պարզ հասարակ իրականության մեջ՝ ցույց տալով, որ սփյուռքյան պատմությունները տարբեր են և բոլորն էլ ունեն իրենց ցավն ու խնդիրները»: Արտա Ջեբեջյանը, ով նաև հեղինակի կինն է, անձնական-ընտանեկան փորձառությամբ հրաշալի ներկայացրեց Սփյուռքի կյանքն ու դժվարությունները, որոնք ևս կարևոր գործոն և շարժիչ են եղել գրքի խմբագրման և ստեղծման աշխատանքներն իրականացնելիս:

Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Սոնա Ներսիսյանը իր ելույթում ընդգծեց այն, որ գիրքը բավական ծանրակշիռ ներդրում է Հայաստանի հասարակագիտական լեզվի և մոտեցումների մեջ: Ներսիսյանի խոսքով. «Այս մոտեցմամբ կարծես ընդլայնվում, հարստանում է մեր հայացքը դեպի նյութը: Դուք բերում եք նոր հայացք հետազոտողի համար՝ սուբյեկտիվության միջոցով հասնել դեպի օբյեկտիվություն և տեսնել իրական պատկերը: Որպես Սփյուռքի հետազոտողներ մենք  հասկանում ենք, թե որքան դիտողունակություն է պետք տեսնելու և հարուստ լեզու է պետք ներկայացնելու տվյալ այդ նյութերը»: 

Շնորհակալական խոսք հնչեց  դոկտոր Հրայր Ջեբեջյանի կողմից, ով ներկայացրեց Սփյուռքի ուսումնասիրության բաժնի հետ համագործակցության ուղղությունները և գիրքը համակողմանիորեն՝ մտահաղացման նախապատմությունը, կազմավորման ընթացքը, այն բոլոր մանրամասները, որոնք տեղ են գտել աշխատությունում:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ Ռ. Կարապետյանը:

Դոկտոր Հրայր Ջեբեջյանի ներդրումը մեծ է հասկանալու, ճանաչելու Սփյուռքն իր ամբողջության մեջ, իր բազմազանությամբ, գույներով ու շերտերով:

Ներկաները նաև ստացան գրքի օրինակները՝ հարստացնելով տարբեր կառույցների գրադարանները:

 

Armenian