2023-08-14
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը
Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ
2023 թ. դեկտեմբերի 12-13-ին կազմակերպում է
«ԷԹՆՈՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ»
խորագրով գիտաժողով:
Աշխարհում անընդմեջ տեղի ունեցող տեղաշարժերը ժամանակակից սփյուռքներում առաջ են բերում մի շարք էթնոսոցիալական և էթնոմշակութային գործընթացներ: Վերջինիս հետևանքով բնակչության էթնիկական, մշակութային, կրոնական և այլ հատկանիշների բազմազանությունը հանգեցրել է սոցիալական փոփոխությունների հիմնախնդրի ուսումնասիրության անհրաժեշտությանը:
Գիտաժողովը կոչված է քննարկել հայկական սփյուռքում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց ուսումնասիրության մեթոդաբանական ու տեսական խնդիրները, հայկական սփյուռքի տարբեր համայնքներում/հատվածներում իրականացրած հետազոտությունների հիման վրա ցույց տալ այդ փոփոխությունների շարժընթացն ու բովանդակությունը:
Մասնակցության համար թեմաների շրջանակներ
- "Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումներ", որի շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել ուսումնասիրության հիմնախնդիրների տնտեսական, մշակութային, իրավական, և սոցիալ-ժողովրդագրական կողմերը: Ինչպես նաև կարող են անդրադառնալ սփյուռքի ուսումնասիրության մեթոդներին և գործիքակազմին, սփյուռքի նկատմամաբ նախագծերի և ծրագրերի մշակման ու իրականացման հարցերին:
- "Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության հետազոտական փորձը. ընդհանուր և առանձնահատուկ կողմեր" - այս ուղղության շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել հայկական սփյուռքում տեղի ունեցող ինքնության փոխակերպումների, սոցիալական և էթնոդավանանքային փոփոխությունների, սոցիալ-մշակութային ժամանակակից տեղաշարժերի միտումներն ու զարգացումները հետազոտահեն տվյալներով, համեմատական վերլուծությամբ:
Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։
Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. հոկտեմբերի 20-ը զեկույցի ամփոփագիրը և հակիրճ (1 էջ) ինքնակենսագրականը (CV) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info.diasporastudies@gmail.com: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ։ Գիտաժողովի ծրագիրը և օրակարգը մասնակիցներին կուղարկվեն մինչև դեկտեմբերի 5-ը: Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2024 թ.-ին:
Ամփոփագրի չափորոշիչներ: Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, իսկ ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman: Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5 սմ, տառաչափը՝ 12, իսկ միջտողային բացատը՝ 1.5:
Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել info.diasporastudies@gmail.com: էլ. Հասցեին:
Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հայոց Ազգագրության Եվ Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային Թանգարան