2019-11-17

Image

Image

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ» միջազգային գիտաժողով

14 նոյեմբերի, 2019թ., Երևան: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ» վերտառությամբ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը և Բեյրութի Հայկազեան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը: Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ և հետազոտողներ Երևանից, Բեյրութից և Փարիզից, ինչպես նաև ՀՀ պետական և հանրային կառույցների մի շարք ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Կարապետյանը: Այնուհետև ողջույնի խոսք հղեցին ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԳԱԱ թղթակից անդամ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Պավել Ավետիսյանը, Բեյրութի Հայկազեան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փօլ Հայտոսթեանը:

Գիտաժողովը ներառում էր երեք նիստ` տաս զեկուցումներով: Յուրաքանչյուր նիստի շուրջ  ծավալվեցին արդյունավետ քննարկումներ ներկայացվող թեմաների շուրջ:

Առաջին նիստն ընթացավ «Սփյուռքի ուսումնասիրության գերակա խնդիրները» խորագրով: Ելույթ ունեցան վերապատվելի դոկտոր Փօլ Հայտոսթեանը՝ «Սփիւռք-Սփիւռք եւ Հայաստան-Սփիւռք Գործակցութեան Հրամայականը», դոկտոր Անդրանիկ Տաքեսեանը՝ «Սփիւռք. Հայկական Ամազոնին Ի՞նչը ուսումնասիրել», Վահրամ Հովյանը՝ «Հայկական սփյուռքի ուսումնասիրության գերակա խնդիրները» թեմաներով:

Երկրորդ՝ «Սփյուռքի ուսումնասիրության միջգիտակարգային  մոտեցումներ. հետազոտության տիրույթներ և խնդիրներ» նիստում ելույթ ունեցան դոկտոր Յակոբ Չոլաքեանը՝ «Հայերէնի ուսուցման արդի հիմնախնդիրները Սփիւռքի մէջ», դոկտոր Միհրան Գալստյանը՝ «Աշխատանքային միգրացիան և հայկական նոր սփյուռքի ձևավորման հիմնախնդիրները ՌԴ-ում», բ. գ. թ. Տորք Դալալյանը՝ «Արեւմտահայ մամուլի կայացումը Եվրոպայում՝ որպես ազգային ինքնության հիմնական դրսեւորումներից մեկը», վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը՝ «Հայերի ինտեգրումը և/կամ ուծացումը Ֆրանսիայում» զեկուցումներով:

Երրորդ նիստը նվիրված էր «Սփյուռքի ուսումնասիրության մեթոդաբանություն. մեթոդների կիրառության ու գործիքակազմի ընտրության հարցերին»: Նիստում «Սոցիալական հեռավորության մեթոդի կիրառումը միջէթնիկ հարաբերությունների ուսումնասիրություններում» թեմայով ելույթ ունեցավ պ. գ. թ. Ռուբեն Օհանջանյանը: Սյուզաննա Բարսեղյանի, Սոնա Ներսիսյանի և Լուսինե Տանաջյանի՝ «Սփյուռքի ուսումնասիրության մեթոդաբանական հարցերը» թեմայով զեկուցումը ներկայացրեց Լուսինե Տանաջյանը:

Գիտաժողովի փակման խոսքով հանդես եկավ Ռուբեն Կարապետյանը՝ կարևորելով գիտական ներուժի կիրառումը ազգային ծրագրերի և նախագծերի մշակման ուղղությամբ:  Ամփոփիչ խոսք հղեցին նաև Միհրան Գալստյանը, Սամվել Մկրտչյանը, Անդրանիկ Տաքեսեանը, Փօլ Հայտոսթեանը:

Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Լիբանանահայերն այսօր. էթնոսոցիոլոգիական հետազոտություն» գրքի շնորհանդեսը, որը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի երկրորդ համատեղ աշխատությունն է:

Image 

 

 

 
Armenian